ՀՀ ԿԲ-ն հզոր աջակցություն է ցուցաբերել Կարեն Կարապետյանի կառավարությանը
ՀՀ կենտրոնական բանկը երեկ նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 0,5 տոկոսով եւ սահմանեց այն 6,75 տոկոս։ Ոչ մասնագետներին այս ցուցանիշը թերեւս ոչինչ չի ասում։ Սակայն սա շատ կարեւոր իրադարձություն է Հայաստանի տնտեսական կյանքում։ Ավելին, եթե դիտարկենք սա այլ իրադարձությունների ֆոնին, ապա հեշտ է նկատել, որ սրա տակ կա նաեւ քաղաքական ենթատեքստ։ Բնական հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ԿԲ-ն հանկարծ որոշեց 20 ամիս շարունակ անփոփոխ մնացած այդ պարտադիր պահուստավորման տոկոսը նվազեցնել, իսկ մի քանի օր անց էլ «առատաձեռնորեն» նվազեցնել նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Եթե ուշադիր նայենք վերջին ամիսներին սոցիալ-տնտեսական մեր ցուցանիշները, ապա ոչ մի փոփոխություն նկատած չենք լինի։ Գնանկումը արդեն արձանագրվում է ամիսներ շարունակ, տնտեսությունը կայուն կիսամեռ վիճակում է…։ Այլ կերպ ասած՝ ոչինչ չի փոխվել, եւ նույն այս երկու որոշումները ԿԲ-ն պետք է կայացներ ամիսներ առաջ, եթե, իհարկե, առաջնորդվեր զուտ տնտեսագիտական նկատառումներով։ Բայց փոխվել է, շատ մեծ բան է փոխվել։ Եվ այդ փոփոխությունը քաղաքական է. Հայաստանում նշանակվել է նոր վարչապետ եւ գրեթե ձեւավորվել է նոր կառավարություն։ Այլ կերպ ասած, ՀՀ կենտրոնական բանկը հզոր աջակցություն է ցուցաբերել Կարեն Կարապետյանի կառավարությանը։ Այնպիսի աջակցություն, որից այդպես էլ չօգտվեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը։ Պատահականությո՞ւն է սա, թե՞ մտածված ու ծրագրված դիրքորոշում, թերեւս քաղաքական վերլուծաբանների քննարկման նյութ է։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ ԿԲ-ի այս երկու որոշումների վրա ազդող զուտ տնտեսական բնույթի գործոնները նվազագույն մակարդակի էին։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
