Մեր ժամանակների ամենամեծ մտածողներից մեկը.Շիմոն Պերես
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի աղմկահարույց ու տպավորիչ ելույթը Կիևում «Յալթայան եվրոպական ռազմավարություն» գագաթնաժողովին Իսրայելի իններորդ նախագահ, վաստակաշատ քաղաքական և պետական գործիչ Շիմոն Պերեսի ելույթը ամենավառն էր ու տպավորիչը: Իսրայել պետությունը ստեղծելու դժվարությունների, բայց անկոտրուն կամքի մասին նրա ելույթը ուսանելի է նաև հայերի ու Հայաստանի համար: Ներկայացնում ենք Շիմոն Պերեսի ելույթն ամբողջությամբ (թարգմանություն) «Մենք երազել ենք մեր հողի մասին, բայց հողը, որ ստացանք, երազանք չէր, դա փոքրիկ հողակտոր էր՝ Մերձավոր Արևելքի մեկ հազարերորդականը: Այդ հողը մեզ այդքան էլ լավ չվերաբերվեց ՝ ճահճուտներ էին, մոծակներ, հարավային անապատ ու քարեր: Ընտրություն պետք է կատարեինք մոծակների ու քարերի միջև: Այդ հողի վրա երկու լիճ կար, մեկը՝ չորացած, մյուսը՝ չորացող: Հայտնի գետ կար, որում, սակայն, ջուր չկար: Այսինքն՝ ջուր չկար ընդհանրապես: Բնական ռեսուրսներ էլ չկային՝ ոչ ոսկի, որ նավթ: Այս ժամանակ ասում էին, թե Մերձավոր Արևելքում երկու տիպի երկրներ կային՝ նավթային ու սուրբ: Մերը միանգամայն սուրբն էր, քանի որ ոչինչ չկար: Մենք միայնակ էինք, չունեինք կրոնակից եղբայր, լեզվակից քույրեր, պատմական հարևաններ: Եվ այդ ամենը՝ Հոլոքստից հետո: Մենք եկանք ու չգիտեինք՝ ինչ անել: Իսկապես չգիտեինք: Եվ մենք մտածեցինք. Բնության ամենամեծ հարստությունը մարդն է: Մարդիկ են հարստացնում հողը և ոչ հողը՝ժողովրդին: Մենք բոլորս դարձանք գիտնական: Իսրայելի յուրաքանչյուր ֆերմեր, կիբուց (խմբ. եբրայերեն՝ հավաք, կոլեկտիվ համայնք է Իսրայելում, որն ավանդաբար հիմնված էր գյուղատնտեսության վրա) սկսեց մտածել, թե ինչպես զարգացնել գյուղատնտեսությունն առանց ջրի, առանց հողի: Ու սկսեցինք զարգացնել այն: Դա աշխարհի՝ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված առաջին գյուղատնտեսությունն էր: Ես ինքս էլ այդ ժամանակ գյուղատնտեսական համալսարանի ուսանող էի: Մենք փորձեցինք ոռոգում անել՝ ծառերը ջրում էին տաք ջրով՝ կարծելով, թե այդպես ավելի արագ կաճեն: Ի զարմանս մեզ, պարզվեց, որ ոչ միայն հողի, այլ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված գյուղատնտեսությունն աշխատող է: Այսօր բավականաչափ ջուր ունենք: Այն սովորաբար գտնում են, չեն արտադրում, իսկ մենք սկսեցինք արտադրել այն: Եվ մեզ դա հաջողվեց: … Գտնում էինք բանջարեղեններ, որոնք քիչ ջուր էին «խմում», զբաղվում սելեկցիայով: Ահա ձեզ իրական գաղտնիքը՝ ապագայի համար կարևոր չէ, թե ինչ եք գտնում, այլ՝ ինչ եք ստեղծում: Մենք չունեինք ոչ մարդիկ, ոչ զենք, երբեք չէինք կռվում ու ընդամենը 450 հազար էինք: Չկային գեներալներ, ռազմական փորձ: ՄԱԿ-ը որոշեց ստեղծել Իսրայել պետությունը, պայց փաստացիորեն պատերազմ էր ընթանում: Ի ՞ նչ կարող էինք անել՝ 2 բան: Առաջին՝ մարդիկ պիտի արիանային ու խիզախեին: Նրանք պիտի հասկանային, որ ընտրություն չունեիք՝ պիտի հաղթեինք: Եթե մեկ անգամ պարտվեինք, վերջ… Երկրորդ՝ քանի որ զենք չունեինք, սկսեցինք ստեղծել այն: Բանակը կատարելագործելու համար տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է զարգացնեինք: Իսրայելական ՏՏ-ն սկսեց աշխատել բանակի համար, քանի որ թշնամական միջավայրում միայնակ էինք: Ինչու ՞ պատմեցի ձեզ սա: Մինչ օրս երիտասարդ աղջիկներին ու տղաներին ասում եմ՝ ընկերնե՛ր, դուք ավելին ունեք, քան մտածում եք: Մի՛ ալարեք: Դուք ունեք ավելին, քան հողը կարող է ձեզ տալ: Դուք կարող եք ստեղծել այն իրերը, որոնք տրված չեն ձեզ: Սա դաս է բոլորի համար: Ուկրաինան գյուղատնտեսության ոլորտում աշխարհի կարևորագույն երկրներից է: Դուք չպետք է հրաժարվեք գյուղատնտեսությունից, դուք կարող եք ու պարտավոր եք արդիականացնել ու միավորել ձեր ռեսուրսներն ու ազգի տաղանդները: Բոլոր մարդկանց պոտենցիալը մեծ է, սական նրանք բոլորն էլ փոքր-ինչ ալարկոտ են: Եթե ցանկանում եք ինչ որ բանի հասնել, ապա պետք է աշխատել: Ոչինչ երկնքից չի ընկնում: Իսրայելում մենք շատ էինք աշխատում, իսկ վատ բա՞ն կա դրանում: Չգիտեմ… Մարդիկ արձակուրդ են գնում՝ դա ժամանակի անտեղի կորուստ է: Արդեն 90 տարեկան եմ ու երբեք չեմ գնացել արձակուրդ: Ինձ ասում են. «Դու աննորմա ՞լ ես: Ինչպե ՞ս ես հանգստանում: Իսկ ես նախընտրում եմ աշխատել: Աշխատանքն ինձ երջանկացնում է: Եվ մի՛ եղեք վատատես՝ դա ևս ժամանակի անտեղի վատնում է, հատկապես, երբ ժամանակները փոխվում են: Պետք է գնալ գիտության հետևից: Գիտությունը սահմաններ ու ռեֆլեքսիա չունի: Մի՛ փորձեք լուծել անցյալի խնդիրները, ես չգիտեմ դա ընդհանրապես հնարավո ՞ր է: Անցյալն ընդհանրապես որևէ դեր չի խաղում: Պարզապես ուսումնասիրեք այն, որպեսզի նախորդ սխալները չկրկնեք: Անցյալը չունի ոչ ապագա, ոչ հույս: Շատ մարդիկ նախընտրում են հիշել, ոչ թե պատկերացնել՝ դա ամենամեծ սխալն է: Ի ՞նչ եք ուզում հիշել: Ձեր բոլոր սխալնե ՞րը: Պատմության վրա չի կարելի հիմնվել: Պատմաբանները թագավորների ու իշխանությանը մոտ գտնվողների մունետիկներն էին, ասում էին այն, ինչ պետք էր: Մարդիկ վախենում են ինչ-որ բանից, միայն Աստված գիտի՝ ինչ կլինի մեզ հետ: Ինձ երբեմն հարցնում են՝ եթե հետ նայեք, որո ՞նք են ձեր ամենամեծ սխալները: Ես պատասխանում եմ՝ մենք մտածում էինք, որ մեր մեծ երազանքներ ունենք, իսկ հիմա հասկանում ենք, որ դրանք այնքան էլ մեծ չէին: Երազեք ավելին: Ինչքան մեծ է ձեր երազանքը, այնքան ավելի մեծ կլինեն ձեր ձեռքբերումները: Ձեր երիտասարդ սերունդը՝ հիանալի է: Բայց ինձ զայրացնում է այն, որ նրանք ատում են քաղաքական գործիչներին: Նրանք ասում են՝ «քաղաքականությունը կաշառված է, մեզ համար չէ»: Ես պատասխանում եմ՝ դուք ազնիվ եք, ազնիվ քաղաքականություն եք ուզում, գնացեք ու վարեք ազնիվ քաղաքականություն: Սրանք բոլորը դասեր են, որ անցյալից եմ բերում ձեզ: Մարդիկ ինձ նաև հարցնում եք՝ ինչպե՞ս ակտիվ մնալ: Դա շատ պարզ է: Մտքում թվարկեք ձեր ձեռքբերումներն ու երազանքները: Եթե երազանքներն ավելի շատ են, ապա դեռ երիտասարդ եք: Եթե ոչ, ապա արդեն ծեր եք»: «Յալթայան-եվրոպական ռազմավարությունը»՝ անկախ միջազգային կազմակերպություն է, որը միավորում է հայտնի քաղաքական գործիչների, գործարարների, հասարակական գործիչների եւ լրագրողների՝ Ուկրաինայի բարեեփոխման եւ ԵՄ անդամակցելուն աջակցելու համար:
