«Նախարարությունը տալիս է երկու տարբեր եզրակացություն փոխնախարարների մակարդակով». Սուքիաս Ավետիսյան
Այսօր Ազգային ժողովում քննարկվում էր ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», ինչպես նաև «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նախագծերի հիմնական զեկուցող, էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանին դիմեց մի քանի դիտարկումներով. «Ես չգիտեմ՝ մանրամասն նայե՞լ եք, թե՞ չէ, նախարարությունների կողմից տրված եզրակացությունների մեծ մասն անհասկանալի է։ Նախ՝ մի նախարարություն տալիս է երկու տարբեր եզրակացություն փոխնախարարների մակարդակով, դա վերաբերում է Էկոնոմիկայի նախարարությանը։ Խոսում ենք թափոնների վտանգավորության մասին, Առողջապահության նախարարությունը տալիս է, որ առողջության վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Ճիշտն ասած, սա առաջին դեպքը չէ, մենք այս եզրակացությունները կարդում ենք ու չենք հասկանում, հիմա այս օրենքը պե՞տք է մեզ, ինչ-որ դրական բան տալի՞ս է, թե՞ ընդհանրապես պետք չէ»։
