Խոսրով Հարությունյանը ցնցված է
Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» նախագիծը, որով առաջարկվում է դոտացիաներն առավել համաչափ բաշխել համայնքների միջեւ:ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն իր ելույթում սկսեց մի դեպք պատմել: «Մեր քաղաքացին՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում, գոնե պետք է իր համայնքում նվազագույն պահանջները բավարարելու հնարավորություն ունենա: 99-ին ԱԺ նախագահի պաշտոնում ես մարզկենտրոններից մեկում հանդիպման էի: Հանդիպման ավարտից հետո ինձ մոտեցավ մի երիտասարդ մայր՝ աղջկա ձեռքը բռնած եւ սկսեց տրտնջալ, թե ինչ վատ պայմաններ են իրենց գյուղում: Ես սկսեցի հանգստացնել, պատասխանը ցնցող էր: Ասեց՝ անիծվեր էն օրը, որ ես այդ գյուղում ծնվեցի: Սա սարսափելի բան էր, անցել է 17 տարի, շատ բան համայնքներում փոխվել է, բայց այդ մտավախությունը, որ բախտս չբերեց՝ Երեւանում չծնվեցի, բախտս չբերեց՝ մարզկենտրոնում չծնվեցի, կարող է պահպանված լինել: Այսօր մեր տեղական գործող իշխանությունների աքիլլեսյան գարշապարն այն է, որ նրանք ունակ չեն իրենց ֆինանսական կարողություններով օրենքով իրենց վերապահված պարտադիր լիազորությունները լիարժեք իրականացնել: Հիմա պետությունը պետք է այնքան ֆինանսական ռեսուրսներով ապահովի համայնքին, որ ապրելու տարրական պայմաններ ստեղծվեն այնտեղ՝ այսօրվա ընկալումներով»,- եզրափակեց նա:
