«էս մեր պետության հացի մեջ աղ չկա, դժգոհողին էլ տեղը դնող չկա». ԲՀԿ պատգամավոր
Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» նախագիծը, որով առաջարկվում է դոտացիաներն առավել համաչափ բաշխել համայնքների միջեւ: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարցրեց՝ բյուջեում համահարթեցման ֆինանսները ինչքանո՞վ են ավելանալու 2017-ին: Այնուհետև հետաքրքրվեց, թե ինչ միջոցառումներ եք սահմանում, որ համահարթեցման գումարները արդյունավետ ծախսեն և ով պետք է ստուգի դրա իսկությունը: «Բա ո՞վ պետք է ստուգի մնացած 96 տոկոսը, որ իմանանք՝ գումարները հասե՞լ են ժողովրդին, թե՞ ոչ: Իմիջիայլոց, ասեմ՝ էս մեր պետության հացի մեջ աղ չկա, ես ձեզ ասեմ: Ջրին դոտացիա ենք տալիս՝ 14 դրամ, մյուսին տալիս ենք՝ ոչ մեկը չգիտի: Բոլորը դժգոհ են պետությունից, բոլորը օգտվում են եւ դժգոհում են: Տեղը դնող չկա, որ այդ դժգոհողին ասի՝ դու այսքան գումար ես ստացել, գյուղերում ավազի տեսքով լցրել եք ճանապարհների վրա՝ անձրեւը եկել, տարել է: Թող տարեկան մեկը ասֆալտապատի ճանապարհը, ինչ-որ մի բան անի»,- հայտարարեց նա: Վաչե Տերտերյանն էլ հայտարարեց. «Ես հասկանում եմ՝ ինչ եք մտածում: Այո, ես շատ լավ գիտեմ, որ էդ ավագանիները ոչ մի բան չեն անում: Ես շատ լավ գիտեմ, որ գյուղական բնակչության մի ստվար հատված չգիտի, թե իր համայնքի բյուջեն ինչքան է կազմում: Խոշորացման հանդիպումների ժամանակ երբ ուղղորդումներով գյուղացիները խոսում են խոշորացման դեմ, երբ ինֆորմացիա ես տալիս, թե իր գյուղն ինչ բյուջե ուներ, ինչն է փոխվելու, տպավորությունը փոխվում է»: Ինչպես ասաց՝ խնդիրը կլուծվի, երբ կունենան լավ ավագանի:
