«Ադրբեջանը «բաստուրմայի» քաղաքականություն է վարում». Արա Պապյան
«Անկախության օրն «Իսկանդերի» ցուցադրումով Ռուսաստանը երկու նպատակ է հետապնդել. առաջինը՝ վերականգնել իր տատանվող ազդեցությունը Հայաստանում, մի տեսակ վստահություն ներշնչել, որ ես զենք եմ մատակարարում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև ձեզ, և երկրորդ՝ վստահ եղեք, որ հաջորդ քայլը ռուսների կողմից Ադրբեջանին «Իսկանդեր» ծախելն է»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Մոդուս վիվենդի կենտրոնի նախագահ Արա Պապյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սպասվող գործողություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ վերջիններս լայնածավալ պատերազմի չեն գնա՝ գիտակցելով իրենց ուժը: Արա Պապյանի խոսքով՝ Ադրբեջանը «բաստուրմայի» քաղաքականություն է վարում. «տաշելով» ոչնչացնել Հայաստանին: Քաղաքագետն անդրադարձավ նաև Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեին և կարծիք հայտնեց, որ անցկացված սահմանադրական փոփոխության վերջնական նպատակն այն է, որ Իլհամ Ալիևն իր որդուն փոխանցի նախագահի պաշտոնը։ «Այնտեղ արդեն ժառանգականության խնդիրն է դրված։ Սահմանադրական փոփոխություններով Ալիևն ուզում է մտցնել առաջին փոխնախագահի պաշտոն, և նախագահի ու փոխնախագահի վրայից հանել առնվազն 35 տարեկան լինելու սահմանափակումը։ Իսկ փոխնախագահ կնշանակի իր վերջերս չափահաս դարձած տղային՝ Հեյդար Ալիևին»,-հայտնեց Արա Պապյանը։ Լուսինե Միքաելյան
