«Պիտի լինի այնպիսի համայնքապետ, որ գնա Երեւանից փող բերի՞». Հրանտ Բագրատյան
«Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» հարցի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր ելույթում հայտարարեց, որ պետությունը պարտավոր է շահութահարկից ու եկամտահարկից մասնաբաժին տա համայնքներին: Ըստ նրա՝ համայնքների ինքնաբավության բացակայությունը խթանում է արտագաղթը: «Դուք քաղաքական հարց եք լուծում, հարգելի ՀՀԿ-ականներ, դուք ստեղծում եք ստաբիլ կախվածություն համայնքներում: Պատկերացրեք՝ ընդդիմադիր կուսակցությունից թաքուբիր ընտրվում է ինչ-որ մի համայնքում, սակայն գյուղացին չի ցանկանում ընտրել ընդդիմադիր թեկնածու, նա ընտրում է իշխանության ներկայացուցչին, քանի որ գիտի՝ պիտի լինի այնպիսի համայնքապետ, որ գնա Երեւանից փող բերի: Մենք դեմ ենք այսպիսի կիսատ-պռատ օրենքներին՝ առանց հիմքի ուզում եք հիսուն հարկանի շենք կառուցել: Հարգելի պարոն Տերտերյան, դուք ո՞նց եք հետեւելու, որ օրենքը ընդունելուց հետո այն թափանցիկ աշխատի: Ինչ-որ կոպեկների համար երկրորդական խնդիրների լուծմանն եք ուզում հասնել: Նույնիսկ ձեր ընդունած-չընդունած Սահմանադրությունը չեք ուզում մեկ տոկոսով կատարել», վրդովված հայտարարեց նա:
