Իսկ եթե Ձեզ նշանակեին, Դուք կկարողանայի՞ք. Արծվիկ Մինասյան
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատշաճ չհամարեց խոսել այն հարցի մասին, թե արդյո՞ք բնապահպանության նախարար է նշանակվելու: «Կարծում եմ` պատշաճ չէ այդ հարցին պատասխանել առնվազն այնքան ժամանակ, մինչև չի կազմվել կառավարությունը, և չկան համապատասխան հրամանագրեր: Չափազանց բարձր եմ գնահատում ցանկացած նախարարի դիրքը և դերը: Ինձ համար դժվար է այս պահին պատասխանել այդ հարցին: Ինչ վերաբերում է, առհասարակ, բնապահպանական խնդիրներին, ինձ համար առաջնորդողը պետք է լինի Սահմանադրությունը, մասնավորապես` Սահմանադրության 12-րդ հոդվածը, որովհետև շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումը և, բնականաբար, ողջամիտ օգտագործումը պետական և հանրային իշխանության հիմնական պարտավորությունն է՝ որպես գալիք սերունդների առջև պատասխանատվություն: Այս հիմնարար մոտեցումն է, որով բնապահպանության ոլորտում պետք է առաջնորդվի յուրաքանչյուր նախարար, ցանկացած կառավարիչ»,- ասաց նա՝ հավելելով՝ կա գործող նախարար, և ինքը պատշաճ չի համարում այդ հարցին պատասխանել: Հարցին՝ ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ՀՀ-ում առկա բազմաթիվ բաց հանքերի դեմ, չէ՞ որ բազմաթիվ նախարարներ այդ հարցը չեն կարողացել լուծել, Մինասյանը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ եթե Ձեզ նշանակեին, Դուք կկարողանայի՞ք»: Լրագրողն, ի պատասխան նախարարի, հայտարարեց, թե իրեն նախարարի պաշտոն առաջարկվելու դեպքում չէր համաձայնի մաս կազմել հանցավոր իշխանությանը:
