Թուրքիայի սեփական այգում տուն կառուցելու համար՝ Սևան Նշանյանին 17 տարի
Սեպտեմբերի 23-ին Ստամբուլում կայացել է Սևան Նշանյանին Վիլյամ Սարոյանի մեդալով պարգևատրելու արարողությունը։ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն այսօր Հայելի ակումբում լրագրողներին հայտնեց, որ մեդալը հանձնվել է Սփյուռքի նախարարության կողմից։ «Այդ որոշումը կայացվել էր 2014 թվականին, սակայն, քանի որ Նշանյանը գտնվում է բանտում, մեդալը հանձնելու հարմար պահ չեղավ։ Նրա բանտարկվելուց հետո ստեղծվեց նրա Ազատության և արդարության միջազգային կոմիտեն, և քանի որ ալիք է բարձրանում Սևան Նշանյանի ազատության հարցի շուրջ, մենք որոշեցինք նրան պարգևատրել Վիլյամ Սարոյանի մեդալով»,- ասաց պատգամավորը։ «Ցավոք սրտի, մենք այսօրվա մամուլի վիճակը գիտենք Թուրքիայում՝ հերթով փակվում են բոլոր այն թերթերը, որոնք մի քիչ հակաիշխանական են եղել, և որոնք անդրադարձել են մեր խնդիրներին. դրանք այսօր գոյություն չունեն»։ Ըստ Արագած Ախոյանի, Սևան Նշանյանը, լինելով շատ համարձակ արվեստի և մշակույթի գործիչ, քննադատության էր ենթարկում իշխանություններին, բայց նրան ձերբակալել են իր սեփական այգում՝ իբր ապօրինի տուն կառուցելու համար. «Եվ պատկերացնում եք, դրա համար՝ 17 տարի։ Դրանք բոլորը ենթատեքստեր են, որովհետև երևի թե ինչ-որ մեկի ճանապարհն է հատել»։
