«Վերևի» որոշումներից են կախված փոփոխությունները.ԲՀԿ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ նախարարության անվանումներով չէ, որ պետք է սպասել արդյունավետության, սակայն դա կառավարության գործն է:Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում. «Եթե նախարարության անվան մեջ կա ներդրումներ, դա չի նշանակում, որ ներդրումները կհոսեն, բայց գուցե կառավարությունը ծրագիր ունի, սպասենք, տեսնենք ինչ ծրագիր է բերելու»: «Բոլոր խնդիրները քաղաքական են, օրինակ արդյո՞ք Հայաստանում ներդրված գումարը անվտա՞նգ է , թե ոչ, խաղի կանոնները բոլորի համա՞ր են թե ոչ: Կառավարության ղեկավարները անընդհատ խոսում են քաղաքական կամքի մասին, բայց որևէ փոփոխություն չի լինում: Այդ նույն մենաշնորհի դեմ պայքարի մասին պետք չէր հայտարարել, որ հետո չանեին: Ես չեմ անձնավորում, բայց ով էլ որ ինչ որ բան հայտարարում է, հետո պայման չի լինում, որ դա անի: Ինձ հարցնում են, թե ինչ ակնկալիքներ ունեմ նոր կառավարությունից: Ես էլ ասում եմ՝ նայած թե ինչ են պայմանավորվել նախագահի հետ, ինչ լիազորություն է ռեալ վերապահված վարչապետին»,- ասաց Միքայել Մելքումյանը: Պատգամավորը փոխնախարար է աշխատել ժամանակին, և գիտի, որ նախարարին այնպիսի լիազորություններ չեն վերապահված, որ նա իր ոլորտում հեղաշրջում անի, զարգացնի: «Վերևի քաղաքական որոշումներից է բխում ամեն ինչը»,- ասաց պատգամավորը: Հարցին, թե ինչու՞ «վերևի քաղաքական որոշումները» այդպես էլ չեն կայացվում, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Գուցե ռիսկեր կան, որ ցնցումներ կլինեն»: Նա նորմալ է համարում, որ վարչապետը փոփոխում է նախարարներին, երկու տարբերակ կար փոփոխությունների՝ քաղաքական, երբ կուսակցականների պետք է նշանակեր, և անձնավորված, երբ ընտրում են պրոֆեսիոնալների:
