Արփինե Հովհաննիսյանը նոր կառավարությունում նախարար աշխատելու առաջարկ է ստացել
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ նոր կառավարությունում արդարադատության նախարար աշխատելու առաջարկ է ստացել:
«Եղել է առաջարկ, նշանակում կլինի, թե ոչ, արդեն կտեսնեք», - ասաց նա:
Հարցին` տեսնո՞ւմ է իրեն նոր կառավարության կազմում, թե ոչ՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց․ «Ես չէ, որ ինձ պիտի նախարարության կազմում տեսնեմ։ Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահն է նշանակում նախարարներ»։
Անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին՝ Հովհաննիսյանը նշեց, որ կառավարությունում այս պահին քննարկումներ են ընթանում։
«Հստակ բանաձևումներ այս պահին չեմ կարող հնչեցնել։ Դեռևս չկա վերջնական որոշում։ Փաստը մեկն է՝ քաղաքաշինության նախարարությունը վերացվում է։ Ինչ գործառույթներ կանցնեն այլ նախարարությունների կազմ, պարզ կլինի առաջիկայում», - ասաց նա։
