Արծվիկ Մինասյանը, հնարավոր է, տեղափոխվի այլ պաշտոնի. Վահրամ Բաղդասարյան
«ՀՀԿ-ՀՅԴ հուշագրում նշված չեն պաշտոնների անուններ, նման պայմանավորվածություն չի եղել : Հուշագրում մենք որևէ նման պայմանավորվածություն չունենք: Հուշագրում կա քանակների մասին, որ երեք դաշնակցական մեր գործընկերները պետք է լինեն կառավարության կազմում, և մենք դա պահպանում ենք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցյում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը չի՞ բավարարել պահանջներին, այդ պատճառով է լքում պաշտոնը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց.«Եթե չբավարարեր պահանջներին, այլ արձագանք կլիներ: Այսօր մենք ունենք նորանշանակ վարչապետ, որը ձևավորում է նոր կառավարություն, նոր մոտեցումներ են, նոր գործիքներ, նպատակահարմարությունն այն է, թե ով որտեղ ավելի օգտակար ու պիտանի կլինի: Գնահատելով և ավելի առավելություն տալով Արծվիկ Մինասյանին այլ ոլորտում՝ հնարավոր է նա տեղափոխվի այլ պաշտոնի»:
