Երկրի համար ոչինչ չեն արել, բայց կռվող են կոչվում.Սուրեն Աբրահամյան
«Հայ ժողովրդի արժանապատիվ ապրելու իրավունքը ապահովեցինք հայկական բանակով: Մենք դեռ չավարտված պատերազմ ունենք, և մենք մեր բանակի միջոցով պետք է թշնամուն պարտադրենք խաղաղություն»,-այսօր Հայելի ակումբում հայոց բանակի 24-րդ տարեդարձի, առկա խնդիրների մասին խոսեց գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը: «Իսրայելի բանակի կառուցվածքը ես ժամանակին ուսումնասիրել եմ և, անկեղծ ասած, շատ եմ նախանձել, որ այդ մթնոլորտը մեր Հայաստանում չկարողացանք ստեղծել»,-հայտնեց գեներալ-մայորը`նշելով, որ տարիների ընթացքում այն ավելի մարտունակ է դարձել: Սուրեն Աբրահամյանը ցավով է նշում այն փաստը, որ շատերը պետության համար ոչինչ չեն արել,սակայն կռվող են կոչվում և մի շարք պաշտոններ ստանում: «Ամենասոսկալին այն է, որ հրամցնում են այնպիսի մարդկանց անուններ՝ ում չեմ ճանաչում և ասում են, որ կռվել են: Նրանց քրտնելը միայն փախցրած փողն է եղել: Այս երկրի համար ոչինչ չեն արել, մեկ էլ տեսնում ես որտեղ են հասել»,-նշեց բանախոսը: Գեներալ-մայորն անդրադարձավ հարցին, թե ինչու են շատ հաճախ սահմանին ծառայում անապահով ընտանիքների երեխաները`պատասխանելով, որ այդ խնդիրը միշտ եղել է և այն դեռ կշարունակվի: «Մի անգամ Վազգեն Սարգսյանին ասացին, որ իր բարեկամներից կամ ընկերներից մեկը ավտոբուսի միջից, Ղարաբաղ գնացող, զինվոր էր հանել: Գնաց, գտավ նրանց: Ում հանել էին՝ նրան նորից ուղարկեց Ղարաբաղ, մյուսին էլ պատժեց»,-հիշեց բանախոսը: «Նայելով նոր սպայական կազմի աճը և առաջընթացը, այն տեսանելի է և անուրանալի: Պետությունը պետք է մի քիչ բանակի հոգսերը հոգա, որովհետև օրվա հերոսը հայ զինվորը պետք է լինի»,-իր խոսքը եզրափակեց գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը: Լուսինե Միքաելյան
