ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները երբևիցե կնճիռներ չեն ունեցել. Խ. Քոքոբելյան
Tert.am-ը գրում է. Ըստ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի՝ ԱՄՆ կոնգրեսական Բրադ Շերմանը շատ տեղին է նշել, որ Հայաստանն ունի ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար: Նրա դիտարկումը ԱԺ պատգամավորը շատ բնական և տրամաբանական համարեց: «Հարգարժան կոնգրեսմեն Բրադ Շերմանը դիտարկել էր, թե ինչու են նրանք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները միայն տնտեսական հիմքի վրա քննարկում, չէ՞ որ Հայաստանը նաև Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է: Իհարկե ֆինանսների նախարարը չհակադարձեց, ընդհակառակը համաձայնեց, որ դա իրականություն է,- հիշատակեց Խաչատուր Քոքոբելյանը,- խոսք է գնացել կրկնակի հարկման մասին, որ այն գործարարները, որ երկու երկրներում էլ բիզնեսներ ունեն, ստիպված չլինեն կրկնակի հարկվել: Սա շատ կարևոր է ամերիկահայերի համար: Այնպիսի մեծ սփյուռքի համար, որ մենք ունենք ԱՄՆ-ում, շատ կարևոր հիմնախնդիր է դա»: ԱԺ պատգամավորը մատնանշեց նաև այն համագործակցության տեսակները, որ կան Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև: «Շատ-շատ ապրանքատեսակներ կան, որոնց՝ Միացյալ Նահանգներ արտահանման դեպքում ընդհանրապես չի գործում մաքսատուրքեր: Ինձ զարմանալի է թվում, որ այդ մասին քիչ է խոսվում: Այստեղ ավելորդ չեմ համարում ընդգծել, որ այնպիսի ապրանքատեսակներ, որոնց մաքսատուրքերը Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության շրջանակներում պետք է վերանային, մեծ խմբաքանակներով ազատ մուտք են գործում Միացյալ Նահանգներ՝ առանց մաքսատուրքերի»,-ասաց նա։ Խաչատուր Քոքոբելյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ ամենամեծ ծավալի ֆինանսական օժանդակություն և ոչ թե պարտք է տրամադրում Հայաստանին․ «Այն մեկ միլիարդ դոլարից ավելի է: Այդչափ ֆինանսական օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը ոչ մի պետություն, անգամ ռազմավարական գործընկերը չեն տրամադրում»: Ըստ «Ազատ դեմոկրատ» կուսակցության ղեկավարի՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև միշտ էլ եղել են համագործակցության փայլուն օրինակներ, դրանք դրսևորվել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում. «Անկարելի է չխոսել նաև, թե վերջին ժամանակահատվածում ագրեսոր Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցման գործընթացում ինչպիսի դերակատարում է ունեցել ԱՄՆ-ն»: Խաչատուր Քոքոբելյանը չբացառեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելով, իր շահերն է հետապնդում։ «Իրեն հարգող երկիր, առանց իր շահը հաշվի առնելու, որևիցե քայլի չի կարող գնալ: Ես հստակ ասում եմ՝ փոխադարձ շահ կա այս հարաբերություններում: Ես վստահ եմ, որ ԱՄՆ-ն շահագրգռված է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի: Եթե դուք ուզում եք, որ ես նաև նշեմ, որ այդպիսի գործընթացները նվազեցնում են Ռուսաստանի ազդեցությունը, ապա կասեմ: Ազդեցությունների բաշխումը գերտերությունների խնդիրներից է: Բոլոր այն ներդրումները, թե՛ եվրոպական, թե՛ ամերիկյան, կարող են Հայաստանին տնտեսապես օգուտ բերել, իսկ դրանք բնականաբար թուլացնելու են մյուս երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի ազդեցությունը»,- ասաց նա: Ըստ նրա՝ մենք էլ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պետք է առաջնորդվենք մեր շահերով և հասկանանք, թե որն է ավելի մեծ օգուտ բերում Հայաստանի Հանրապետությանը: «Երբևիցե Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները ոչ մի իշխանությունների օրոք և առհասարակ անկախության տարիների ընթացքում կնճիռներ չեն ունեցել: Բայց զարգացման դինամիկան ցույց է տալիս, որ մեր հարաբերություններն օրեցօր ավելի բարելավվում են, այդ թվում նաև համագործակցությունների առումով․ օրինակ՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, և պետք չէ տարանջատել տնտեսական և քաղաքական համագործակցությունները, դրանք պետք է դիտարկել համատեղ: Ես վստահ եմ և հուսով, որ մենք ամեն ինչ կանենք, որ անգամ Եվրասիական տնտեսական միության հետ մեր համագործակցությունը չխոչընդոտի ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ մեր հարաբերությունների զարգացմանը»:
