Սկյուտարի հայկական դպրոցների պատերի վրա ռասիստական գրություններ են գրվել. հարցը մեջլիսում է
Թուրքիայի խորհրդարանում բարձրացվել է Սկյուտարի հայկական դպրոցների պատերի վրա արված ռասիստական գրությունների հարցը: Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը հարցը խորհրդարանի օրակարգ է բերել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն: Նա գրավոր հարցադիմում է ներկայացրել խորհրդարան՝ պահանջելով Թուրքիայի վարչապետ Բինալը Յըլդըրըմին պատասխանել հետևյալ հարցերին. · Թուրքիայի հայ քաղաքացիներին թիրախավորող ռասիստական և սպառնալիք պարունակող գրությունների հեղինակներին գտնելու նպատակով տարածքը նկարահանող սարքերի տեսանյութերը արդյո՞ք ուսումնասիրվել կամ ուսումնասիրվելու են: · Եթե այո, ապա այդ առնչությամբ ի՞նչ է կատարվել կամ կատարվելու: · Հայկական դպրոցների պատերին «Տառապանք հային» և նմանատիպ գրություններով հանցագործություն կատարողներին հայտնաբերելու դեպքում նրանց Թուրքիայի քրեական օրենսգրքով ինչպիսի՞ պատիժ է սպասվում: · Վերջին 2 տարվա ընթացքում ատելություն և խտրականություն սերմանող արտահայտությունների ու դրանցով ժողովրդին իրար դեմ հրահրելու համար Թուրքիայում քանի՞ մարդ է պատժվել և ինչպիսի՞ պատիժ է ստացել: · Ստամբուլի Սուրբ խաչ հայկական դպրոցի կողմից դեպքի առնչությամբ բողոք ստացվե՞լ է: Եթե այո, բողոքը ի՞նչ արդյունք է տվել:
