Վարուժան Ավետիսյանը չի ցանկացել ներկայանալ դատավարությանը
Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակված վճռով՝ 2 ամսով երկարաձգվել է ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքը: Միջնորդությունը ներկայացրած քննիչի պատճառաբանությունն այն է, որ անհրաժեշտ են մի շարք քննչական գործողություններ, իսկ ազատության մեջ Ավետիսյանը կխոչընդոտի նախաքննությանը: Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։ Վարուժան Ավետիսյանն իր գործով քննություններին ներկա չի եղել: Փաստաբան Մուշեղ Շուշանյանն նշեց, որ իր պաշտպանյալը չի գտնում, որ կարող է արդար դատավարություն անցկացվել, և նպատակահարմար չի գտել դատարան ներկայանալ. «Բոլորիս համար էլ պարզ է, որ դատարանը պետք է բավարարեր քննիչի միջնորդությունը կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին»: Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ իրենք կբողոքարկեն այս որոշումը:
