Վարուժան Ավետիսյանը բեմադրության մասնակից չի դառնա
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը չէր ցանկացել ներկա գտնվել իր կալանքի երկարացման գործով դատական նիստին: «Նա համարում է ուղղակի բեմադրություն եւ չի ցանկանում ներկա գտնվել եւ որեւիցե կերպ մասնակից դառնալ այդ բեմադրությանը»,- ասաց պաշտպան Արա Զաքարյանը: Փորձաքննության նշանակելու որոշմանը ծանոթացնելուց բացի Վարուժան Ավետիսյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Դրանց իրականացման համար եւս երկու ամիս է անհրաժեշտ։ Արա Զաքարյանի խոսքով՝ գործի ելքը վաղուց կանխորոշված էր, քանի որ դատարանը նույն նյութերի հիման վրա մեկ այլ գործով նմանատիպ որոշում էր կայացրել «Այսինքն այդ նյութերին տվել էր գնահատական եւ նման պայմաններում ակնկալել, որ դատարանը Վարուժան Ավետիսյանի մասով տրամագծորեն հակառակ հետեւության կհանգի, առնվազն միամտություն է, սա շատ լուրջ խնդիր է»,- ասաց պաշտպանը։ Դատարանն ավելի ուշ երկու ամսով երկարացրեց Վարուժան Ավետիսյանի կալանքը։
