«Ռուսաստանն Ադրբեջանին «Իսկանդերից» պաշտպանվելու միջոցներ չի տվել».Վ.Հարությունյան. տեսանյութ
«Իսկանդերի» ձեռքբերմամբ, ինչ ուզում էինք հասկացնել Ադրբեջանին, նա հասկացել է:Կարդացեք նրանց մամուլը։ Բայց «Իսկանդերի» ձեռքբերումը քաղաքական չի կարող լինել, այլ ունի ռազմական հիմք, որը ծառայում է նաև քաղաքական նպատակներին և զսպում է Ադրբեջանին՝ իր անխելք քայլերից»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Բանախոսի համոզմամբ՝ վերջին 6-7 տարվա ընթացքում հայկական բանակի մարտունակությունը բարձրացել է մի քանի անգամ։ Մենք ունենք տարածաշրջանում լավագույն հակաօդային պաշտպանությունը, ինչն անիմաստ է դարձնում Ադրբեջանի ծախսերն իրենց ռազմաօդային ուժերի զարգացման համար։ «Ռուսաստանի կողմից «Իսկանդերի» տրամադրումը Հայաստանին՝ լավ արտաքին քաղաքականության արդյունք է: Բալանսը երբեք չի խախտվել, խախտումներ եղել են տարբեր զինատեսակների տեսանկյունից, բայց ընդհանուր բալանսը չի խախտվել։ Մենք ունենք ռազմավարական առավելություն և դա ուղղակի ավելացրել ենք։ Այս զենքն ի վիճակի է օգտագործել նաև միջուկային գլխիկ։ Միայն դաշնակցային պետությանն են այս զենքը տալիս։ Այս զենքից միայն Ռուսաստանն ու Հայաստանն ունեն»,-ընդգծեց պարոն Հարությունյանը՝ հավելելով,որ Ռուսաստանն Ադրբեջանին «Իսկանդերից» պաշտպանվելու միջոցներ չի տվել։ Լուսինե Միքաելյան
