Ինչու ընտրությունները չեն դադարեցվել Էջմիածնում. պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ընտրություններում համայնքներ կային, որոնցում ընտրական գործընթացին 40-ից ավելի վստահված անձինք, դիտորդներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ են հետեւել: Այսինքն՝ հրապարակայնությունը լիովին ապահովված էր: Անդրադառնալով Էջմիածնում տեղի ունեցած բռնություններին, նախ դատապարտեց, այնուհետև ասաց, որ ԿԸՀ-ն եւ ԸԸՀ-ն որեւէ հիմք չի գտել տեղի ընտրությունները կասեցնելու համար: «Որեւէ դիմում-բողոք, որ վստահված անձանցից ինչ-որ մեկը չի ներկայացել, որ առկա են եղել ինչ-ինչ պատճառներ, կամ չեն կարողանում մասնակցել քվեարկությանը, կամ խախտվել, խոչընդոտվել են նրանց իրավունքները, չեն եղել»,- փաստեց նա: լրագրողներից մեկի հարցին, եթե թեկնածուն գտնվում է հիվանդանոցում, արդյոք դա հիմք չէ՞ր ընտրությունների կասեցման, ասաց. «Անձը գտնվում է հիվանդանոցում, սակայն նրա հարազատները սկզբում ասացին, որ մասնակցելու են, հետո ասացին՝ չեն մասնակցելու, ի վերջո մասնակցեցին, նրա վստահված անձինք որոշ տեղամասերում ներկա են եղել: Սա է իրավական հիմքը, որով ԸԸՀ-ն պետք է որոշումներ կայացներ»:
