Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն՝ ըստ Շարմազանովի
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շեշտում է` հայկական բանակի սպառազինության և տեխնիկական համալրվածության հետ կապված որևէ կասկած չի կարող լինել:
«Մեր հասարակությունը, նաև՝ սփյուռքահայերը, Զինված ուժերի տեխնիկական և ռազմական համալրման հետ կապված որևէ հարցականներ և մտահոգություններ չպետք է ունենան: Դրա վառ ապացույցը Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթն էր: Բնականաբար, մենք դրական ենք գնահատում իրականացված աշխատանքը», - ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովը ընդգծեց` ինքը մեկ անգամ չէ, որ նշել է` Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է երկարաժամկետ ու կայուն անվտանգության համակարգ ունենալը:
«Մինչև ապրիլյան պատերազմը և դրանից հետո նշել ենք, որ Հայաստանի Հանրապետության համար թիվ մեկ խնդիրը դեռ երկար ժամանակ մնալու է ամուր անվտանգության համակարգ ունենալը, քանի որ առանց ամուր անվտանգության համակարգի մենք չենք կարող խոսել ոչ տնտեսական համակարգի, ոչ էլ համակարգային բարեփոխումներից», - ասաց նա
