«Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն ՀՀԿ-ն է». Շարմազանով
Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում հաղթած 22 անկուսակցական համայնքապետեր ցանկություն են հայտնել դառնալ ՀՀԿ անդամ։ Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ նիստից հետո։ Ըստ նրա՝ ՀՀԿ-աները հաղթել էին 158 համայնքներում,որին երբ գումարվում են այս 22-ը, ստացվում է, որ սեպտեմբերի 18-ին ընտրված համայնքապետերի 76 տոկոսն արդեն ՀՀԿ-ական են։ Նա վերստին կրկնել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ամբողջական պատասխանատուն ՀՀԿ-ն է։ Լրագրողների հարցին՝ գործող իշխանությունը ունա՞կ է գողանալու, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Թող քար նետի առաջինը նա, ով մեղք չի գործել»: Խորհրդարանի փոխնախագահը հավաստիացրեց, որ ինքը բոլոր աննորմալ երևույթներին վատ է վերաբերում: «Գողն ու ավազակը կուսակցական պատկանելություն չունեն: Մարդ կամ լինում է պարկեշտ կամ չի լինում պարկեշտ: Դատավորը վերևն է, դատախազի ֆունկցիա ինձ վրա վերցնել չեմ կարող, ավելին՝ ինձ վրա դատավորի զգեստ չկա: Յուրաքանչյուրը, ինձանից սկսած, մեր աչքի գերանը տեսնենք ու գնանք առաջ»,- շեշտեց Է. Շարմազանովը:
