«Թող քարը նետի առաջինը նա, ով գտնում է, որ մեղք չի գործել». Շարմազանով
Հանրապետական կուսակցությունը վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն է, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
"Մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որպեսզի պարոն Կարապետյանը հաջողի, նրա կաբինետը ամբողջապես լուծի այն հիմնախնդիրները, որի համար նրանք նշանակվել են այդ բարձր պաշտոնին", - նշեց նա:
Հարցին, թե իշխանությունը ընդունակ է գողանալու, ինչի մասին այսօր խոսում էր վարչապետ Կարեն Կարապետյանը, Էդուարդ Շարմազանովը շեշտեց` թող քարը նետի առաջինը նա, ով գտնում է, որ մեղք չի գործել:
"Մենք այստեղ դատավորներ չենք: Ես բոլոր աննորմալ երևույթներին շատ վատ եմ վերաբերվում: Գողն ու ավազակը կուսակցական պատկանելություն չեն ունենում. մարդ կամ լինում է պարկեշտ, կամ չի լինում պարկեշտ", - ասաց նա` ընդգծելով` մարդիկ կարող են սխալվել, հետո` ուղղվել:
