Արման Սահակյանը նորից կշտամբանքի արժանացավ
Այսօր կառավարության հերթական նիստում քննարկվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին 2016 թվականին շուրջ 9 միլիոն դրամ հատկացնելու մասին հարցը: Նախագծի ընդունման նպատակն է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեության ապահովումը: Կարեն Կարապետյանը նախագիծը ներկայացնող Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հարցրեց, թե ինչ լիազորություններ ունի Մարզահամերգային համալիրի կառավարիչը, որին ի պատասխան Սահակյանն ասաց, թե կառավարիչն, ըստ կանոնադրության, կատարում է իր վրա դրված պարտականությունը: «Ես հասկանում եմ՝ ինքը բեռ է, քանի որ որոշակի բիզնես միջավայր ստեղծելը բարդ է, բայց մենք պետք է մի կառավարիչ ընտրենք, որ այդ բեռը հաղթահարի»,- ասաց Կարապետյանը: Վարչապետը ցանկություն հայտնեց այնպիսի կառավարիչի ընտրել, որպեսզի կարողանա շահույթ ստանալ Մարզահամեգրային համալիրից, նա նաև համեմատական անցկացրեց միջազգային փորձի հետ՝ նշելով, որ այլ երկրներում նմանատիպ համալիրներին ոչ թե պետությունն է գումար հատկացնում, այլ նրանք ինքնաֆինանսավորվում են: «Այնպիսի կառավարիչ ընտրենք, որ ոլորտը տանք, ասենք՝ մեզնից փող մի ուզի, հըլը մի բան էլ փող աշխատի, մեզ հարկ տուր»,- ասաց Կարապետյանը:
