«Մեզնից փող մի ուզի, մի բան էլ փող աշխատի, մեզ հարկ տուր». Կարեն Կարապետյանի առաջարկը
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին շուրջ 9 միլիոն դրամ հատկացնելու մասին հարցը: «Նախագծի ընդունման նպատակն է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության բնականոն գործունեության ապահովումը», - նախագիծը ներկայացնելիս ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Վարչապետ Կարեն Կարապետյանին հետաքրքիր էր, թե ինչ լիազորություններ ունի մարզահամերգային համալիրի կառավարիչը: Արման Սահակյանը նշեց՝ կառավարիչը, ըստ կանոնադրության, կատարում է իր վրա դրված պարտականությունը: «Ես հասկանում եմ՝ ինքը բեռ է, քանի որ որոշակի բիզնես միջավայր ստեղծելը բարդ է, բայց մենք պետք է մի կառավարիչ ընտրենք, որ այդ բեռը հաղթահարի», - ասաց Կարապետյանը: Վարչապետը ցանկություն հայտնեց այնպիսի կառավարիչ ընտրել, որպեսզի կարողանա շահույթ ստանալ մարզահամերգային համալիրից: «Այլ երկրներում նմանատիպ համալիրներին ոչ թե պետությունն է գումար հատկացնում, այլ՝ ինքնաֆինանսավորվում են: Եկեք այնպիսի կառավարիչ ընտրենք, որ ոլորտը տանք, ասենք՝ մեզնից փող մի ուզի, մի բան էլ փող աշխատի, մեզ հարկ տուր», - ասաց վարչապետ Կարապետյանը:
