Ռազմիկ Դավոյանը նամակագրական կապ է ունեցել Մոնթե Մելքոնյանի հետ
Այսօր հայելի ակումբում բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը նշեց, որ մեր բանակը հեղինակություն է: Ինչպես ասաց՝ վերջին տարիներին քիչ է այցելել զորամասեր: Խնդրեցինք ասել, երբ է վերջին անգամ եղել զորամասում, որից հետո Ռազմիկ Դավոյանը 20 տարի վաղեմության մի պատմություն հիշեց: Ինչպես պատմեց՝ նամակագրական կապ է ունեցել Մոնթե Մելքոնյանի հետ. «Նրա կնոջ՝ Սեդայի միջոցով նամակներ էի փոխանցում: Երբ Մոնթեն Փարիզից տեղափոխվեց Հարավսլավիա, որտեղ ապրում էր, ասել էր Սեդային, որ եթե ես հրավիրեմ իրեն Հայաստան, նա կգա: Ես հրավիրեցի, նա էլ եկավ: Երեկոները նստում, զրուցում էինք, և հերթական մի զրույցի ժամանակ նա ինձ հարցրեց, թե ի՞նչ պետք է անի, ես էլ պատասխանեցի, որ պիտի գնա Ղարաբաղ: Գնաց, եկավ ու ասաց, որ մեծ ոգևորություն կա երիտասարդների մեջ, բայց պատրաստ չեն, և ինքն էլ ուզում է գնալ այնտեղ ու պատրաստել նրանց»:
