Վարդևան Գրիգորյանի որդու մահվան մեջ քաղաքական միտում չկա. Գլխավոր դատախազ
«Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան մեջ քաղաքական միտում չկա: Ակտիվ քննչական գործողություններ են կատարվում եւ նրա մերձավորների, ընտանիքի անդամների հարցաքննությունից պարզ է դարձել, որ կատարվածը որեւէ առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական պրոցեսների հետ: Կատավածը, այս պահի տվյալներով, ինքնասպանություն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նկուղից հայտնաբերվել է ատրճանակ: Քրգործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով: Ըստ որոշ տեղեկությունների ,դեպքի ժամանակ առանձնատանն են եղել Արշակ Գրիգորյանի մայրը, եղբոր կինը եւ նրա հարազատներից մեկը, որին Արշակը զանգել էր եւ կանչել իրենց տուն, որպեսզի միասին ինչ-որ տեղ գնան: Նա առանձնատնից դուրս է եկել բակ, մտել է իրենց ավտոտնակ, ապա նկուղային հատված, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Ընտանիքի անդամները տեսնելով, որ Արշակ Գրիգորյանը չի երեւում, գնացել են նկուղ եւ մահացած հայտնաբերել նրան:
