Շիրակի դատախազը մանրամասներ է ներկայացրել
Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին եւ 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
Նա նշել է, որ այս պահին գտնվում են Վարդեւան Գրիգորյանի տան նկուղում, որտեղ տեղի է ունեցել դեպքը՝ պարզելու Արշակ Գրիգորյանին ինքնասպանության դրդելու շարժառիթները։
Իր հերթին, ՀՀ քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որտեղ նշել է, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ա.Գրիգորյանի դիակը։ Պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։
Դեպքի վայրի զննությամբ վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նկուղից հայտնաբերվել է ատրճանակ: Քրգործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով:

