Նկուղ, հրազենային վնասվածք. ինչ է կատարվել ԲՀԿ թեկնածուի որդու հետ
armtimes.com-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքի մասին: Մասնավորապես հայտնի դարձավ, որ դեպքի ժամանակ առանձնատանն են եղել Արշակ Գրիգորյանի մայրը, եղբոր կինը եւ նրա հարազատներից մեկը, որին Արշակը զանգել էր եւ կանչել իրենց տուն, որպեսզի միասին ինչ-որ տեղ գնան: Մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: ՔԿ-ից ասացին, որ նախաքննական մարմնի կողմից հստակեցվել է Արշակ Գրիգորյանի գործողությունների հաջորդականությունը: Նա նախ առանձնատնից դուրս է եկել բակ, մտել է իրենց ավտոտնակ, ապա նկուղային հատված, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Ընտանիքի անդամները տեսնելով, որ Արշակ Գրիգորյանը չի երեւում, գնացել են նկուղ եւ մահացած հայտնաբերել նրան: Կոմիտեից փոխանցեցին, որ աշխատանքային տարբեր վարկածներ են մշակվել:
