ԲՀԿ-ն լրջագույն պայքարի է պատրաստվում
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակն ակնհայտ է: Ազատավան, Ազատաշեն, Գետազատ, Հովտաշատ, Նոր Խարբերդ և մի շարք այլ համայնքներում երեկ հաղթանակ ենք արձանագրել: Դրանից զատ մեծ թվով ընտրված ավագանու անդամներ ունենք: Շատ կարևոր փաստ՝ չնայած, որ ձայների պաշտոնական հաշվարկը դեռ ամփոփված չէ, այդուհանդերձ տոկոսային հարաբերակցությամբ ԲՀԿ-ն ճնշող հաղթանակ է արձանագրել բոլոր այն համայնքներում, որտեղ պաշտոնապես ներգրավվածություն է ունեցել: Դրան են գումարվում մի շարք համայքներ, որտեղ ԲՀԿ-ն սատարել է արդեն հաղթանակ տոնած անկուսակցական կամ ինքնաառաջադրված թեկնածուներին: Մենք թիմային հաղթանակ տարանք, քանի որ միայն թիմային սկզբունքով աշխատելու արդյունքում է հնարավոր նմանատիպ ցուցանիշ գրանցել: Քիչ խոսելով, բայց շատ գործելով է հնարավոր բարձունքների հասնել: Սա հատուկ եմ ասում, բոլոր նրանց, ովքեր աղաղակում էին սպասվող արդյունքների մասին, սակայն երեկ ժողովրդի տված քվեն լրիվ այլ բան փաստեց: Վստահ եմ՝ սա միայն սկիզբն էր հաղթանակների, որը երեկ ամրագրեցինք: ՏԻՄ ընտրությունների կարևորության մասին միշտ ասել եմ, որով հնարավոր է մեծ փոփոխությունների մեկնարկ տալ: Առջևում հոկտեմբերի 2-ի ընտրություններն են, որտեղ Հանրապետության երկրոդ և երրորդ խոշոր քաղաքներում նույնպես ընտրություններ են նախատեսվում, և որոնց ԲՀԿ-ն լրջագույն պայքար է պատրաստվում մղել, քանի որ առկա է փոփոխությունների պահանջ, ժողովուրդը հոգնել է չիրականացված խոստումներից: Քաղաքականության մեջ ամենակարևորը ժողովրդի վստահությունն է: Եվ մենք, որպես քաղաքական հստակ ծրագրեր ու նպատակներ ունեցող միավոր, առաջնային ենք դասում ժողովրդի ձայնն ու հետևողական ենք նրա հնչեցրած բոլոր ազդակներին»:
