«Ձվի վրա մենակ Սփյուռքի նախարարը չէր եկել».Գործարար
«Բոլոր ֆաբրիկաներս փակ են, 450 աշխատողներս՝ անգործ: Ես ձու եմ ներմուծել, որ լրացնի շուկայի պակասը: Ամռանը ձուն արդեն 30 դրամ էի վաճառում, չէի կարողաում դիմանալ մրցակցությանը, վերջին 50-60 հավն էլ մորթեցի ստիպված»,-այս մասին Հայելի ակումբում ասաց Բաղրամյանի թռչնաֆաբրիկայի սեփականատեր Արմենակ Խաչատրյանը, ով դիմել է կառավարության օգնությանը, որը չլինելու դեպքում մեկ շաբաթից կարտագաղթի Հայաստանից։ Գործարարի խոսքով՝ 2014-ի դեկտեմբերին՝ ինֆլյացիայի ժամանակ վարկեր են վերցրել դոլարով՝ 13 տոկոսով: Առաջացել են խնդիրներ, որից հետո դիմել են պետական ատյաններին: Բանախոսը նշեց, որ բանկն ասել է՝ պետություն, մի քայլ դուք արեք, երեք քայլ ես անեմ, այս վիճակը հանենք: «3 մլն մայր գումար եմ տվել 3 տարում, 3 մլն 200 հազար էլ՝ տոկոս: Այդ պայմաններում աշխատացրել եմ տնտեսությունը: Բայց էլ չստացվեց, չի ստացվում, էլի: Կողքից ուրիշ բիզնես չունեմ, որ իրեն փրկի»,- շեշտեց գործարարը՝ հավելելով, որ հիմա ձու է ներկրում, բայց թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը սկսել է լուրեր տարածել, թե ձու է ներմուծվել՝ անհայտ ծագման, չմակնշված ձու: Պարոն Խաչատրյանը վրդովված հայտնեց, որ իրենք ազգի դավաճան չեն և ապօրինի ճանապարհով ոչինչ են անում: Թռչնաֆաբրիկայի սեփականատերը նշեց, որ այդ հայտարարությունից հետո բոլոր նախարարները և պետական ատյանի ներկայացուցիները եկել են ստուգման, բացի Սփյուռքի նախարարից: «Ձվի վրա մենակ Սփյուռքի նախարարը չէր եկել, մյուսները հերթով եկան»,-ասաց Արմենակ Խաչատրյանը: Լուսինե Միքաելյան
