«Վարչապետը խնդիրներ ունի». Հրանուշ Խառատյան
«Գազի գնի հետ կապված մենք չգիտենք ինչ է անելու, ինչ կարող է նա անել, մանավանդ, որ Իրանից եկող գազի խողովակի չափսն ու տրամաչափն անգամ ՌԴ-ն է որոշում: Ես չգիտեմ՝ ինչ նպատակով է եկել վարչապետ, սա իր համար կարճաժամկե՞տ պաշտոն է, թե՞ երկարաժամկետ: Այն, ինչ ասաց վարչապետը, սովորաբար ֆասադային է, ոչ ոք չգիտի իրական տարողությունը, այդ խոսքերը բոլորն էլ ասում են»,- այս մասին Հայելի ակումբում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Վերջինիս համոզմամբ վարչապետը խնդիրներ ունի, քանի որ կառավարությունում համապատասխան մասնագիտական կարողություն ունեցող անձիք չկան: ‹‹Գուցե պարոն Կարապետյանը ապագայում ցույց տա, որ համակարգային ու համալիր փոփոխությունների իսկապես պատրաստ է: Բայց դեռ չենք կարող հստակ գնահատականներ տալ: Կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսում հարկավոր է վարչապետի առաջ հարցեր բարձրացնել ու տեսնել, թե ինչ քայլերի կդիմի, իսկապես մտադի՞ր է երկրի խնդիրների հետ կապված լուծումներ առաջադրել»,-նշեց ազգագրագետը՝ հիշեցնելով՝ երբ Կարեն Կարապետյանը քաղաքապետ էր, քաղաքապետարանի աշխատակիցների վրա դրական տպավորություն էր թողել, սակայն բանախոսը նկատեց, որ սա չի կարող հիմք լինել եզրակացություն անելու, թե այս անգամ ամեն ինչ շատ լավ կլինի:
