Գերմանացիների 93 տոկոսը Մերկելին է մեղադրում Բեռլինի ընտրություններում նրա կուսակցության ձախողման համար
Գերմանացիների բացարձակ մեծամասնությունը կարծում Է, որ Գերմանիայի կանցլեր եւ Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) ղեկավար Անգելա Մերկելը լիակատար պատասխանատվություն է կրում Բեռլինի երկրամասային խորհրդարանի ընտրություններում իր կուսակցության անհաջողության համար: Հարցման տվյալների համաձայն, որն անցկացվել է N-TV նորությունների հեռուստաալիքի կողմից, այս կարծիքը պաշտպանում Է հարցվածների 93 տոկոսը, եւ ընդամենը 7 տոկոսն է կարծում, որ մեղավորը տարածաշրջանային կուսակցական ղեկավարությունն է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես արդեն հաղորդվել է, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), ինչպես եւ կանխատեում Էին քաղաքագետները, հաղթում Է երկրամասի խորհրդարանի (Պատգամավորների պալատի)՝ Բեռլինում կայացած ընտրություններում՝ հավաքելով քվեների ընդամենը 21,6 տոկոսը: 17,6 տոկոսով երկրորդ տեղն զբաղեցնում է Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ)՝ Գերմանիայի մայրաքաղաքում ցույց տալով ամենավատ արդյունքն իր պատմության ընթացքում: «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) աջ հանրամետ կուսակցությունն ստացել է քվեների 14,2 տոկոսը եւ անցել 16 երկրամասային խորհրդարաններից արդեն 10-րդում: Պատգամավորների պալատ են անցել նաեւ Ձախ կուսակցությունը (ՁԿ, 15,6 տոկոս), «կանաչները» (15,2 տոկոս) եւ խորհրդարանում իր տեղը վերադարձրած՝ Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցությունը (6,7 տոկոս): «Ծովահենները» սպասելիորեն դուրս են գալիս Պատգամավորների պալատից՝ հավաքելով քվեների ընդամենը 1,7 տոկոսը: Ընտրությունների արդյունքները նշանակում են տեղական «մեծ («կարմիր-սեւ»՝ (ԳՍԴԿ եւ ՔԴՄ) կուսակցությունների գույներով) կոալիցիայի» կրախը, որը կազմում Է գործող երկրամասային կառավարությունը: Ինչպես կարծում են քաղաքագետները, ամենայն հավանականությամբ, սոցիալ-դեմոկրատներն այժմ «ձախերի» եւ «կանաչների» հետ կոնսուլտացիաներ կսկսեն նոր կաբինետ կազմելու շուրջը: Քվեարկությունն անցել Է ընտրողների ակտիվ մասնակցությամբ՝ շուրջ 67 տոկոս: 2011 թվականին այն կազմել է 60,2 տոկոս: Գերմանիայի մայրաքաղաքի ընտրությունների արդյունքները կանցլերի համար հերթական իմիջային պարտությունն է: Արդյունքների բարելավմանը չի օգնել նույնիսկ նրա անձնական մասնակցությունը նախընտրական արշավին: Դեռ ավելին, սեպտեմբերի 14-ին Բեռլինի արեւմտյան շրջաններից մեկում կայացած հանրահավաքում, որտեղ ՔԴՄ-ին աջակցությունն ավանդաբար առավել մեծ է, նրա ելույթն ուղեկցվել է մասնակիցների դժգոհ բացականչություններով եւ սուլոցներով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
