Ահազանգում են ռուսական ԶԼՄ-ները
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատի կտա բոլոր նրանց, ովքեր ընտրախախտումների մասին զրպարտություններ են տարածում։ Ռուսական TASS լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այսօր հայտարարել է ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող կառույցի ղեկավար Էլլա Պամֆիլովան։ Նշենք, որ այսօր Ռուսաստանում անցկացվում են Պետական դումայի ընտրություններ, որին մասնակցում է 14 կուսակցություն։ ՌԴ ԿԸՀ-ի ղեկավարն ասել է, թե մարդիկ խախտումների մասին հայտարարություններ են անում՝ չիմանալով ընտրական մեխանիզմն ու դրա էությունը։ Պամֆիլովայի համոզմամբ՝ այդպիսով փորձում են վարկաբեկել ընտրությունները. «Դրանք էժան շահարկումներ են»,- ավելացրել է նա։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խախտումների մասին որևէ հաղորդում չի ստացել»,- ընտրությունների մեկնարկից հինգուկես ժամ հետո ասել է Էլլա Պամֆիլովան։ Բացառություն է Ալթայի երկրամասը։ Մոսկվայի ժամանակով 12։30-ին, որևէ խախտում չի արձանագրել Եվրոպական երիտասարդական կազմակերպությունը, որը դիտորդական առաքելություն է իրականցրել 3 տեղամասում։ Հաղորդում է «Լայֆ» լրատվամիջոցը։ Մինչդեռ Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններն առանց միջադեպերի չեն անցնում։ Մոսկվայի 10-րդ ընտրատեղամասում ձերբակալվել է ընտրատեղամասը պայթեցնելու սպառնալիք հնչեցրած մի տղամարդ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրառում է կատարել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ շնորհակալություն հայտնելով ոստիկաններին։ Ձերբակալված քաաղքացու մոտ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Ընտրությունների ընթացքի մասին այլ հաղորդումներ էլ կան։ «Ձայն» շարժումը Ռուսաստանի տարբեր ընտրատարածքներում կառուսելների ու ոչ ճշգրիտ ընտրացուցակների մասին է հաղորդում։ Դոնի Ռոստովի թիվ 1958 ընտրատեղամասում տեսախցիկն արձանագրել է քվեաթերթիկների լցոնման դեպք։ Նշենք, որ տեսախցիկներ տեղադրված են Ռուսաստանի բոլոր ընտրատեղամասերում։ Ռուսաստանի տարբեր շրջաններից դեպի Մոսկվա ավտոբուսներով քաղաքացիների տեղափոխման մասին է հաղորդել «Նովայա գազետա»-ն։ Ըստ հաղորդման՝ նրանք բերվել են մայրաքաղաք՝ «կառուսելներին» մասնակցելու համար։
