Ընտրատեղամասից դուրս քվեարկություն` հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ
Բյուրականի թիվ 15/02 ընտրատարածքում տեղի ունեցավ ընտրատեղամասից դուրս քվեարկություն` հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ: Այս մասին ասված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ֆեյսբուքյան էջում րոպեներ առաջ հրապարակված տեղեկատվության մեջ: Հրապարակված նկարում շրջագծված անձը հանձնաժողովի նախագահն է, ում ձեռքում գտնվում են քվեաթերթիկներով ծրարները: Հիշեցնենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն այսօր անցկացվող ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում արձանագրել է մի շարք խախտումներ ու թերություններ: Նախաձեռնությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Արմավիր, Արագածոտն, Սյունիք և Տավուշ մարզերի 16` Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար համայնքներում: Նախաձեռնության 112 դիտորդները գտնվելու են 57 տեղամասերում:
