Նախկին քաղաքապետին մերժեցին. ինչ է տեղի ունեցել էջմիածնում
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Երևանից Էջմիածին ընթանալիս հարձակման է ենթարկվել: Մեզ հետ զրույցում Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը հայտնեց, որ պահանջ է ներկայացրել, որպեսզի չեղյալ հայտարարվի վաղը Էջմիածին քաղաքում կայանալիք ընտրությունները: Ինչպես ասաց՝ գնացել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ ներկայացրել դիմումը: Սակայն նրա այս դիմում -պահանջը չի ընդունվել և սեպտեմբերի 18-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունները չեն հետաձգվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հերմինե Հարությունյանի խոսքով նման որոշում չի կայացվել,քանի որ օրենսդրորեն նման բան նախատեսված չէ։ Այնուհետև Հրաչիկ Աբգարյանը հերքեց իր եղբորորդու մասին վատ լուրերը, նշելով. «Ինչպե՞ս կարող են էդ մարդիկ կրակոց անեն, էդ մարդիկ կյանքում զենքի հետ վարվելու ձևը չեն իմացել: Իմ եղբոր տղան էնքան պրիլիչնի տղա է, որ նման բան չի կարող լինել»: Հիշեցնենք, որ Վազ 2106 մակնիշի 01 ՏՍ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Զվարթնոց թաղամասի մոտ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, որից հետո «06»-ի միջից կրակոցներ են արձակել Lexus մակնիշի 01 DD 045 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի։ Կ. Գրիգորյանի հետ այդ պահին եղել է Toyota Camry մակնիշի 10 RO 045 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակիչ, 36-ամյա Կարեն Արմենակյանը ուղևոր՝ Արշալույս գյուղի բնակիչ, 24-ամյա Արամ Գրիգորյանի հետ հետապնդել են «06»-ին։ Արդեն Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցի սկզբնամասում «06»-ի միջից դուրս է եկել Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը և իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից անկանոն կրակոցներ է արձակել, որից հետո նրանց է մոտեցել Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչ, 39-ամյա Արսեն Կարապետյանը, ով կարողացել է կրակողի ձեռքից խլել ատրճանակը, որը լիցքավորված է եղել 2 փամփուշտով։ Ա. Կարապետյանն աշխատում է Էջմիածնի քաղաքապետի օգնական, իսկ Կ. Արմենակյանը Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես վարորդ, իսկ Ա. Գրիգորյանը՝ Էջմիածնի քաղաքապետարանում՝ բարեկարգում տնտեսության տեղամասի պետ։ Հետապնդման հետևանքով Կամոյի փողոցում նաև մեքենաները բախվել են միմյանց, իսկ վնասազերծելու ժամանակ 47-ամյա Արթուր Հայրապետի Թումանյանը և Էջմածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորոդին՝ Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ, 35-ամյա Ստեփան Սիմոնի Աբգարյանը «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն։
