Նոր նշանված տղա էր. մանրամասներ անհայտ կորած Վրեժի մասին
«Հունվարի 14-ի երեկոյան Վրեժը տանից դուրս է եկել, ծնողների խոսքով՝ ընկերոջ տուն գնալու համար: Հետո, որ չի եկել տուն ծնողները անհանգստացել են: Պարզվել է, որ ընկերոջ տուն էլ չի գնացել»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով հունվարի 14-ից անհայտ կորած 25 ամյա Վրեժ Օհանյանի մասին ասաց Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքի ղեկավար Արմեն Խաչատրյանը: Խաչատրյանը փաստեց, որ Վրեժը գյուղում հարգված ընտանիքի զավակ է.« Միջին ապրող ընտանիք են ու ֆինանսական խնդիրներ չունեն: Ինքն էլ պարկեշտ, անշառ տղա է: Բոլորիս համար ցավալի է այս վիճակը»,-ընդգծեց գյուղապետը հավելելով, որ Վրեժը վերջերս նշանվել էր և նրա հարսնացուն էլ շատ վատ հոգևիճակում է:: Համայնքի ղեկավարը նշեց, որ Վրեժի հարսնացուն էլ նույն գյուղից է ու նա էլ տեղեկություն չունի նշանածի մասին: Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Վրեժ Օհանյանը գրեթե ամեն տարի արտագնա աշխատանքի է գնում: «Երկու քույր ունի, եղբայր, պապիկ, հրաշալի ծնողներ ու տնից հեռանալու ոչ մի պատճառ չկար: Գյուղացիները անհանգիստ են ու շատ ցաբվալի է, որ նման բան եղավ մեր գյուղում: Մեր գյուղը մարզի մեծությամբ 3-րդ կամ 4-րդ գյուղն է»,-նշեց Արմեն Խաչատրյանը: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վրեժ Օհանյանի անհետ կորելու դեպքի առթիվ։ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ Ժորա Օհանյանից 2016թ. հունվարի 14-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որդին` 1990 թ. ծնված Վրեժ Ժորայի Օհանյանը, 2016թ. հունվարի 12-ին` ժամը 20.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Նույն օրը՝ 2016թ. հունվարի 14-ին, Վրեժ Օհանյանի նկատմամբ, որպես անհետ կորած, ոստիկանությունը հայտարարել է հետախուզում: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երիտասարդը բնակատեղից մեկնելու կամ երկարատև բացակայելու մտադրությունը հարազատներից թաքցնելու պատճառներ չի ունեցել, իր մոտ չի ունեցել այնպիսի անձնական իրեր, առանց որոնց հնարավոր է երկարատև բացակայել բնակավայրից։ Նկատի ունենալով, որ կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ նա դարձել է հանցագործության զոհ՝ 2016թ. հունվարի 25-ին Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Աստղիկ Ավագյան
