Էջմիածնի քաղաքապետարանից կրակոցների հեղինակների անուններ են հնչեցնում
« Կարեն Գրիգորյանը եղբոր հետ 23,30-ին Երևանից Էջմիածին էր վերադառնում: Նրա դիմաց է դուրս եկել «Վազ 2106» մակնիշի մեքենա, ապակիներն իջեցրել են ու սկսել կրակել: Մեքենան պատկանում է Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդուն` Ստեփան Աբգարյանին, ով եղել է մեքենայում,նրա հետ է եղել նաև թեկնածու Արթուր Թումանյանը, էլի մեկ-երկու մարդ: Կրակողը կամ թեկնածուն, կամ Արթուր Թումանյանն է եղել, բայց որ չսխալվեմ, անուն չտամ: Հետո քաղաքացիների միջամտությամբ զենքը նրանց ձեռքից խլել են: Դեպքը տեղի է ունեցել Էջմիածնի սկզբնամասում` «Վաղարշապատ» ռեստորանի կողմերը: Մարմնական վնասվածքներ հանցագործները ստացել են քաղաքացիների կողմից վնասազերծման ժամանակ: Կարենին և եղբորը ոչինչ չի եղել»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը ՝ սեպտեմբերի 16-ի գիշերը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ավտոմեքենայի վրա հրազենային հարձակման մասին պատմելիս:
