ՀՅԴ-ի պատասխանը Սերժ Սարգսյանին
«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցության պատասխանը Կարեն Կարապետյանին չուշացավ, եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ եթե Կարեն Կարապետյանը շոուներին տուրք տա եւ անձնական հավակնություններով առաջնորդվի, ապա չեն կարող այդպես երկար շարունակել: Հիշեցնենք, որ խոսքը նախօրեին կառավարության առաջին նիստում Կարեն Կարապետյանի ռեպլիկի մասին է, երբ նա Արծվիկ Մինասյանի հայտարարությանն ի պատասխան, թե արտոնություն խնդրող ընկերությունները մեկ շաբաթ են սպասել, հայտարարեց, թե չի հավատում: Դաշնակցության պատասխանը, սակայն, ավելի շատ ոչ թե Կարեն Կարապետյանին, այլ Սերժ Սարգսյանին է ուղղված, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում կառավարությունում Կարեն Կարապետյանին ու Դաշնակցությանը հանել դեմ դիմաց, թողնել մեն մենակ՝ ով ում կհաղթի: Դա էլ, իհարկե, տարբերակ է, եթե Սարգսյանը վստահ լինի, որ կհաղթի Կարեն Կարապետյանը: Այդպիսով նա փաստորեն կազատվի նաեւ Դաշնակցության հետ կոալիցիոն պայմանավորվածություններից, որոնք Սերժ Սարգսյանի համար ներկայումս ակնհայտորեն բեռ են դարձել, քանի որ այդ պայմանավորվածությունները անկասկած կնքված էին կարճաժամկետ նպատակներից ելնելով կամ պարզապես Հովիկ Աբրահամյանի դեմ, եւ ակնհայտ էր, որ երբ Սարգսյանը լուծի Հովիկ Աբրահամյանի չեզոքացման հարցը, դրանից հետո ՀՅԴ-ի հետ կոալիցիան դառնալու է պարզապես ժամանակավրեպ եւ իմաստազուրկ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
