Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ շտաբի պետ լինելու տարբերակ մեկ դեպքում է հնարավոր
«Ժողովուրդ»-ը գրել է.
«Ակնհայտ է, որ իշխանական վերնախավում լուրջ վերադասավորումներ են ունենում, որոնց արդյունքում, ի վերջո, պետք է գծագրվի, թե ՀՀԿ-ն ինչ դասավորությամբ է մասնակցելու 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին։
Բնականաբար իշխանական վերնախավի դասավորության ամենաառաջնային ցուցիչն այն է, թե ով կլինի ՀՀԿ-ի ընտրական շտաբի ղեկավարը։ ...2007 թվականից սկսած բոլոր համապետական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի շտաբը ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը։ ...Արդյոք Հովիկ Աբրահամյանը կհամաձայնի 2017-ի ԱԺ ընտրություններում ևս լինել ՀՀԿ-ի շտաբի պետը։ Եթե նրան հաջողվեր պահպանել ՀՀ վարչապետի պաշտոնը, ապա կարելի էր վստահաբար ասել, որ հենց նա էլ կլինի ՀՀԿ-ի շտաբի պետը։ Սակայն ներկա վիճակում ՀՀԿ շտաբի պետ լինելը նրա դեպքում ինչ-որ առումով նվաստացուցիչ կլինի, քանի որ կստացվի, որ նրան այդ «պաշտոնն» առաջարկում են, որ «պարապ» չմնա։
...ՀՀԿ-ի ընտրական շտաբի պետի հաջորդ հավակնորդը կարող է լինել Վիգեն Սարգսյանը։ Սակայն նրան այդ «պաշտոնում» նշանակելով՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ճակատագիրն ամբողջությամբ կվստահի իշխանության երիտթևին։ Շատ փոքր է հավանականությունը, որ նա նման ռիսկի կգնա։ Ի վերջո, շտաբի ղեկավարը պետք է կարողանա ոչ միայն ՀՀԿ-ի ֆորմալ կառույցներին կառավարել, այլ նաև պետք է այնպիսի մարդ լինի, որը իշխանությունների քրեական թևի կարկառուն ներկայացուցիչների վրա ազդեցություն կունենա։ Վիգեն Սարգսյանը իշխանական համակարգում, երբևէ նման դիրք ու ազդեցություն չի ունեցել։ Մյուս կողմից էլ, եթե իսկապես նա առաջիկայում նշանակվի ՀՀ արտաքին գործերի նախարար, ապա նրա նոր պաշտոնը ևս կխանգարի, որպեսզի նա կարողանա ՀՀԿ-ի շտաբը ղեկավարել։ Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ շտաբի պետ լինելու տարբերակ, թերևս, մեկ դեպքում է հնարավոր, եթե ի սկզբանե որոշվի, որ նրա նշանակումը ձևական բնույթ է կրելու հանրությանը ներկայացնելու նպատակով։ Իսկ իրականում ՀՀԿ-ի շտաբի ղեկավարումը Սերժ Սարգսյանն անձամբ կստանձնի»:
