«Նախագահի անառողջ թիմը մասնատվում է».Վիգեն Խաչատրյան. տեսանյութ
«Ինձ համար պարզ չդարձավ, թե ինչու հրաժարական տվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ես, այդուհանդերձ, կարծում եմ, որ ճիշտ է արել։ Ես կարծում եմ՝ չկա այն ուժը, որին հասարակությունը կարող է հավատալ, որը գալով իշխանության՝ կբարելավի երկրի վիճակը: Եվ մեզ պետք էր մի մարդ, ով ծանրաբեռնված չէ անցյալի բեռով, և կարծում եմ, որ լավ ընտրություն է տեղի ունեցել»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ՀՀ ԳԽ ախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Բանախոսի համոզմամբ՝ ԱԺ ընտրություններից առաջ պետք է ձեւավորվի նոր ուժ, որպեսզի մարդիկ վստահություն ունենան։ Գործող կուսակցությունները, ըստ Վիգեն Խաչատրյանի, ոչ թե կուսակցություններ են, այլ՝ իշխանության ձգտող խմբավորումներ, իսկ նախագահի անառողջ թիմը մասնատվում է: «Երբ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նոր վարչապետին վերջինիս բնորոշելով որպես բարեփոխումների մեծ ալիքի սիմվոլ՝ ինձ մոտ այլ տպավորություն ստեղծվեց: Սա ավելի շատ նման էր նախագահի հրաժեշտի ելույթի, ոչ թե վարչապետին ներկայացնելու խոսքի: Այդ սիմվոլը պետք է լինի նախագահը»,-շեշտեց Վիգեն Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում Լուսինե Միքաելյան
