Նոր վարչապետը պարզ մարդ է, հասարակ բաներ է ասում. Վիգեն Խաչատրյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ կառավարության կազմը պետք է լինի ամբողջական մի թիմ, որը հետապնդում է ամբողջական նպատակ։ Այս մասին նա այսօր Հայելի ակումբում նա հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ հրավիրված բանավեճի ժամանակ։ «Չպետք է լինի թիմ՝ կուսակցական պատկանելությամբ կամ անձնական նվիրվածությամբ։ Պետք է լինի համախոհների թիմ, որը նույն նպատակն է հետապնդում։ Եթե այս սկզբունքով չձեւավորվեց կառավարությունը, ապա նա հաջողություն չի ունենա։ Բայց թիմի մի մասը նախագահն է ձեւավորում, ինչի պատճառով էլ թիմը մասնատվում է»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։ Նա կարծում է, որ ապագա ԱԺ ընտրություններից առաջ պետք է ձեւավորվի նոր ուժ, որպեսզի մարդիկ վստահություն ունենան։ Գործող կուսակցությունները, ըստ Վիգեն Խաչատրյանի, ոչ թե կուսակցություններ են, այլ՝ իշխանության ձգտող խմբավորումներ։ «Սերժ Սարգսյանն այստեղ ռեալ հնարավորություն ունի՝ մասնակցել, հիմքերը դնել եւ եթե հոգնել է, խնդրեմ, թող հեռանա»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը։ Կառավարության մեջ նա փոփոխություններ չի նկատում։ «Կարեն Կարապետյանին չեմ ճանաչում, չեմ շփվել, բայց հաճելի է, պարզ մարդ է, հասարակ բաներ է ասում, մատչելի է։ Էն մնացածի դեպքում բան չի փոխվել, նույն կեցվածքով, նույն փիլիսոփայությամբ, որ ամեն ինչ լավ է, նույն դեմագոգիայով։ Եվ սա կուսակցական մթնոլորտ է, որ փաթաթվել է մեր վզին։ Սա կուսակցական մթնոլորտ չէ, այս մթնոլորտը փոխել է պետք»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը։
