Աղավնաձորցիները բողոքի ակցիան կտեղափոխեն Երևան
Արդեն տեղեկացրել ենք,որ Վայոց ձորի Աղավնաձոր համայնքում վաղ առավոտից լարված իրավիճակ է: Գյուղի կենտրոնում հավաքված խաղողագործներն իրենց բողոքին ներքաշել են նաև երեխաներին և թույլ չեն տվել նրանց գնալ դպրոց եւ մանկապարտեզ: Բանն այն է,որ գյուղացիները դեռ չեն ստացել նախորդ տարի մթերված խաղողի գումարները:Վերջիններիս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հարցին լուծում տալ:Հիմա էլ խաղողագործները հույսը նոր վարչապետի հետ են կապում: «Անցյալ տարվա գումարը չենք ստացել, այս տարվա բերքն էլ չգիտենք ինչ ենք անելու»,- ասացին ցույցի մասնակիցները: «Կարեն Կարապետյանից ակնկալում ենք, որ միջնորդի, որ մեր գումարները տան: Նախորդ տարվանից կուտակված ողջ գումարից ոչինչ չենք ստացել: Մենք երեկ մարզպետին ասել ենք, որ հին վարչապետի հետ այլեւս հույս չենք կապում»,- բողոքում են Աղավնաձորի խաղողագործները: Գյուղացիները պատրաստվում են խնդիրը չլուծվելու դեպքում հինգշաբթի օրը բողոքի ցույցը շարունակել Երեւանում, կառավարության շենքի մոտ, ասելով, որ եթե Աղավնաձորը հեռու է եւ համապատասխան պաշտոնյաները չեն կարող գալ ու խնդրին ծանոթանալ, լուծում տալ՝ իրենք կգան Երեւան:
