Իրանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրն է. Ռուհանի
Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ելույթ ունենալով Իտալիայի բիզնես ու գործարար շրջանակների ներկայացուցիչների առջև, հայտարարել է, որ Իրանը ներկա դրությամբ տարածաշրջանի առավել անվտանգ ու կայուն երկիրն է՝ օտար ներդրումների համար։ Նրա խոսքերով՝ 2013 թվականին Իրանում ներկայիս կառավարության իշխանության գալու ժամանակ երկիրը բախվել էր աննախադեպ ինֆլյացիայի, որը գերազանցել է 40 տոկոսը, ինչպես նաև ունեցել է 6.8 տոկոսանոց տնտեսական անկման ցուցանիշներ, իշխանություններին հաջողվել է ինֆլյացիան կրճատել տարեկան մինչև 12.2 տոկոսի, իսկ 2015 թվականին տնտեսական աճը կազմել է 3 տոկոս, հաջողվել է կայունացնել ազգային արժույթը և գործազրկության մակարդակը: «Ներկայումս երկրի ղեկավարության առջև կանգնած են նոր առաջադրանքներ և Իրանն այդ կապակցությամբ հետաքրքրված է օտար զգալի ներդրումների ներգրավմամբ, որոնք կնպաստեին ոչ միայն տնտեսական աճին, այլև՝ նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է նա:
