ԱԷՄԳ-ը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային փորձարկման անցկացումը
Հյուսիսային Կորեայի հերթական միջուկային փորձարկումը ՄԱԿ-ի ԱԽ բազմաթիվ բանաձևերի խախտում է և միջազգային հանրության կրկնվող պահանջների անտեսում։ Այս մասին ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հայտարարության մեջ՝ փոխանցում է TASS գործակալությունը։ Նա նշել է, որ դա երկրորդ փորձարկումն է այս տարում և 5-րդը՝ 2006 թվականից։ «Սա շատ տագնապալի և ցավալի իրադարձություն է»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ «ՄԱԿ ԱԽ-ն 2270 բանաձևում դատապարտել է Հյուսիսային Կորեայի նախկին միջուկային փորձարկումը, որը կատարվել էր 2016-ի հունվարի 6-ին։ ԱԽ-ն նաև հաստատել էր իր որոշումը, որ Հյուսիսային Կորեան չպետք է այլ միջուկային փորձարկումներ անցկացնի, և երկիրը պետք է հրաժարվի միջուկային զենքի ցանկացած տեսակից և առկա միջուկային ծրագրից, ինչպես նաև անհապաղ դադարեցնի դրան առնչվող գործունեությունը»։ «Ես Հյուսիսային Կորեային կոչ եմ անում լիովին հետևել ՄԱԿ ԱԽ-ի և ԱԷՄԳ-ի բոլոր համապատասխան բանաձևերին»,- հավելել է Ամանոն։
