Կորեական թերակղզում երկրաշարժ է տեղի ունեցել
Հյուսիսային Կորեան իրականացրել է հերթական միջուկային փորձարկումները, որոնց հետևանքով սեյսմոլոգները Կորեական թերակղզում գրանցել են երկրակեղևի ակտիվություն: Ինչպես նշում է ria.ru-ն, 4.9-5.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը ֆիքսվել է միջուկային զենքի փորձարկման համար նախատեսված հյուսիսկորեական պոլիգոնի շրջանում: Սեյսմիկ ակտիվությունն այնքան ուժեղ է եղել, որ ցնցումները զգացել են նույնիսկ Հս. Կորեայի հետ սահմանամերձ ռուսական բնակավայրերի ապրողները: Հարավային Կորեայի և Ճապոնիայի իշխանությունները վստահ են, որ ստորգետնյա ցնցումները խոշոր միջուկային փորձարկման հետևանք են: Համապատասխան հայտարարություններով են հանդես եկել Հրվ. Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ու Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Մինչդեռ ԱՄՆ-ն, թեև տեղյակ է Կորեական թերակղզում տեղի ունեցածից, դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Ըստ Սեուլի` այս անգամ պայթեցված ռումբի հզորությունը կարող էր կազմել 10 կիլոտոննա, ինչը նշանակում է՝ սա Հս. Կորեայի պատմության մեջ խոշորագույն միջուկային փորձարկումն էր: Հայտնի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր երեկոյան Սեուլի, Տոկիոյի և Վաշինգտոնի առաջարկով կքննարկի Հս. Կորեայի միջուկային փորձարկումների հարցը:
