Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը կշարունակի Քարիմովի քաղաքականությունը
Ուզբեկստանի վարչապետ Շավկատ Միրզիյոևը, ով երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել, խորհրդարանում հայտարարել է երկրի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի վարած քաղաքականությունը շարունակելու մասին: «Իմ գլխավոր խնդիրն այս պատասխանատու ժամանակահատվածում համարում եմ ժողովրդավարական և քաղաքական, տնտեսական ու սոցիալական ոլորտներում բարեփոխումների 25 տարվա ընթացքում Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովի կողմից մշակված և արդյունավետ իրականացված ուղու շարունակությունը»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է նա: Միրզիյոևը հավելել է, որ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում իր գործունեության կարևոր առաջնահերթությունը կլինի օտար երկրների հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը: Նա նշել է, որ առաջին հերթին բարեկամական կապերի համակողմանի ամրապնդումը կվերաբերի Ռուսաստանին: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուզբեկստանի վարչապետ Շավկատ Միրզիյոևը նշանակվել է երկրի նախագահի պաշտոնակատար:
