Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնեն 26 միլիոն դրամ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել 26 միլիոն 686 հազար դրամ՝ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին կայանալիք «Հայաստանը որպես դարպաս դեպի մեծ շուկաներ» խորագրով համաժողովի անցկացման համար: Մասնավորապես՝ նախատեսվում է որոշմամբ սահմանված գումարը դրամաշնորհային պայմանագրի կնքման միջոցով տրամադրել Հայաստանի զարգացման հիմնադրամին, որն էլ իր հերթին պետք է կազմակերպի միջոցառումը բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու գնման իրականացման միջոցով։ Ըստ նախնական նախահաշվի՝ միջոցառման կազմակերպման համար իրականացվելու են հյուրերի տրանսֆեր և միջոցառման այցելության հետ կապված տրանսպորտի ապահովում, տարածքի վարձակալություն, ձևավորում, կահավորում և հագեցում, հյուրասիրության ապահովում, սինխրոն թարգմանություն, տպագրություն, հուշանվերների ձեռքբերում, պաշտոնական ճաշ՝ ՀՀ վարչապետի անունից, իրազեկման միջոցառում:
