Քրեական խմբավորումները վարձում են Ուկրաինայից պրոֆեսիոնալ նավաստիներ
Քրեական խմբավորումներն ավելի ու ավելի հաճախ են վարձում Ուկրաինայից պրոֆեսիոնալ նավաստիների՝ հարմարավետ զբոսանավերով ունևոր անօրինական ներգաղթյալներին Եվրոպա ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իտալական ոստիկանության աղբյուրներին։ «Վերջին տարիներին հանցավոր խմբերը սկսել են 6-8 հազար դոլարով «շքեղ ուղևորություններ» առաջարկել հուսալի նավերով, որոնք վարում են որակավորված նավաստիները»,- մեջբերում է գործակալությունը իրավապահ մարմինների աշխատակցի խոսքերը։ Նրա հաղորդմամբ՝ այդ գումարը քառակի թանկ է սովորական ուղևորության միջին արժեքից։ Երեքշաբթի հարավային իտալական Ապուլյա շրջանի ափին կալանվել է թուրքական դրոշի ներքո նավարկող 12 մետրանոց զբոսանավ։ Նավում եղել են Պակիստանի 50 քաղաքացիներ, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով Թուրքիայից հասնել Իտալիա։ Նավը վարել են երկու պրոֆեսիոնալ ուկրաինացի նավաստիներ՝ 21 և 25 տարեկան։ Նրանց վերցրել են կալանքի տակ։
