Նորություն՝ iPhone 7-ին սպասողների համար
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության 7-րդ սերնդի iPhone-ի առաջին խմբաքանակը, ըստ չինական ԶԼՄ-ների, արդեն արտահանվել է այլ երկրներ: Ինչպես նշում է ria.ru-ն, մատակարարված սմարթֆոնների ընդհանուր թիվը 371.000 է: Ըստ Sina պորտալի տվյալների՝ 84.700 հեռախոսից բաղկացած առաջին խմբաքանակը, որը կշռել է 46.7 տոննա, սեպտեմբերի 2-ին ուղարկվել է Սինչժենի նավահանգստից: Սեպտեմբերի 5-ի դրությամբ այլ երկրներ ուղարկված iPhone 7-ի ընդհանուր քանակը կազմել է 371.000 օրինակ: Հայտնի է, որ սմարթֆոնների արտահանման հիմնական ուղղություններն են եղել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան և Իտալիան: Ենթադրվում է, որ iPhone 7-ի շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 7-ին: Նոր iPhone-ը հասանելի կլինի 5 տարբեր գունային լուծումներով՝ վարդագույն, ոսկեգույն, արծաթագույն, մոխրագույն և սև: Մոդելները կունենան 32, 128 և 256 Գբ ծավալով ներքին հիշողություն, մինչդեռ օպերատիվ հիշողության ծավալը կլինի 2 Գբ: Սակայն iPhone 7 Plus-ի դեպքում այդ ցուցանիշը կհասնի 3 Գբ-ի: Բացի այդ, կբարելավվեն սմարթֆոնի տեսախցիկի տեխնիկական որակները: Հեռախոսը կլինի ջրակայուն, կզրկվի ականջակալների միացման համար նախատեսված անցքից:
