«Բժշկուհին մեղք չունի» . պաշտպանը կգնա մինչև վերջ
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվեց: «Այո, մեղադրանք է առաջադրվել իմ պաշտպանյալին: Բայց սա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ Շուշանիկ Բախշյանը իրեն մեղավոր չի համարում: Այս գործում դեռ բացահայտելու հանգամանքներ կան »,-Հայելի. am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց պաշտպանը: Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բուժաշխատողի կողմից պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ): «Մենք վստահենք, որ մեղադրանքը հերքվելու է, այն անհիմն է և գործի հանգամանքները պետք է օբյեկտիվորեն պարզվեն: Բժշկուհին հրաժարվում է մեղադրանքն ընդունել և ես, որպես պաշտպան ամեն բան կանեմ իրականությունը բացահայտելու ուղղությամբ: Իմ պաշտպանյալը սթրես է տանում և արդեն 4-րդ օրն է բարձր ջերմություն ունի»,-ընդգծեց Ալեքսանդր Սիրունյանը: Խափանման միջոց չի ընտրվել: Հիշեցնենք նաև, որ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է: Աստղիկ Ավագյան
